Ժիրայր Սեֆիլյանը հայտարարություն է տարածել

ԲԼՈԳ

Ժիրայր Սեֆիլյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախը որպես ՀՀ մաս դիտելն է երաշխավորում մեր անվտանգությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած իր աշխատանքային այցի ընթացում Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամում տեղի ունեցած քննարկման ժամանակ կրկնել է նախորդ ապազգային ռեժիմների օրոք որդեգրված տեսակետները։

Մասնավորապես՝ պարոն Փաշինյանը, իր պատասխանները բխեցնելով Արցախի կեղծ անկախության և սուբյեկտացման մոտեցումից, Արցախի ազատագրված տարածքները ներկայացրել է որպես ընդամենը անվտանգության գոտի, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ որպես իբրև թե անկախ Արցախի անվտանգության երաշխավոր։
Այս մեկնակետից ներկայացնելով իր պատկերացումները, նա գլխիվայր շուռ է տալիս և մեր ազգային շահերին հակառակ դիրքից է ներկայացնում Արցախի հարցի լուծման համատեքստն ու տրամաբանությունը՝ տարանջատելով Արցախը Հայաստանի Հանրապետությունից և Արցախի անվտանգությունը՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությունից։

Նա ևս իր նախորդների նման հավատարիմ է մնում Լենին-Աթաթուրք զավթիչ դաշինքով և ստալինյան սահմանադրությամբ ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությանը և ներկայիս Հայաստանի Հանրապետությունը համարում է Հայկական ԽՍՀ-ի, այլ ոչ թե 1-ին Հանրապետության իրավահաջորդ, որի մաս են կազմել նաև Արցախն ու Նախիջևանը։ Միևնույն ժամանակ՝ նա անտեսում է նաև Արցախի վերամիավորման վերաբերյալ 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը, որը Հայաստանի անկախության մասին 1990 թ. օգոստոսի 23-ի հռչակագրի հիմքերից մեկն է։

Արցախը հայության ամենազգայուն և խոցելի հարցն է, ուստի դրա համատեքստում առավելագույնս նկատելի է դառնում, որ պարոն Փաշինյանի իշխանության կողմից ազգային հեղափոխության փոխարեն նախորդների իրավահաջորդությունն ընտրելը փակուղային է և խիստ վտանգավոր, ինչը հեռանկարում հանգեցնելու է ազգային աղետի։
Այդ պատճատով դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության իրավահաջորդային քաղաքականությունը, առաջին հերթին՝ Արցախի հարցում։

Փաստում ենք, որ հայոց պետականությունը չի կարող գոյատևել Լենին-Աթաթուրք զավթիչ դաշինքի և ստալինյան սահմանադրության ձևավորած տարածաշրջանային ճարտարապետության մեջ, այն էլ՝ ներկայիս երկատված վիճակում։

Նաև այն պատճառով, որ նման վիճակը հղի է անհավասար պատերազմի և ազգային աղետի սպառնալիքով։
Հայոց պետականության և միացյալ ազգային անվտանգության երաշխավորման միակ ուղին Հայաստանի 1-ին Հանրապետության իրավահաջորդության որդեգրումն է։
Դա մեզ հնարավորություն կտա, մասնավորապես, ապացուցված համարելու, որ Արցախյան ազատագրական պատերազմի շնորհիվ տեղի ունեցած մասնակի դեօկուպացիայի միջոցով մասամբ վերականգնվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը և Արցախը ՀՀ անբաժանելի մաս է։ Այդպես մենք նաև միջազգային-իրավական շրջանառության մեջ կդնենք ներկայիս Ադրբեջանի տարածքի և սահմանների անորոշության հարցը։

Միայն այս երկու հանգամանքները բավարար կլինեն, որպեսզի միջազգային ասպարեզում ի շահ Հայաստանի և հայության արմատապես փոփոխվի Հայաստանի Հանրապետության (Արցախը ներառյալ) և Ադրբեջանի Հանրապետության միջև առկա հակամարտության համատեքստն ու տրամաբանությունը, ինչն էլ կդառնա մեր ազգային անվտանգության ապահովման հիմնարար երաշխիք։
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն
14 փետրվար 2020

Оцените статью
error: Content is protected !!