Ռոբերտ Քոչարյանին մղում են ալիքի կատար. «զոհաբերության» ճանապարհին

ԲԼՈԳ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո, որը նրա թերեւս ամենաթույլ եւ ասելիքի ամենամեծ դեֆիցիտն ունեցող հարցազրույցներից մեկն էր,

հանրային շատ շրջանակների ուշադրություն է գրավել այն, որ հարցազրույցի շատ մեծ եւ անգամ պաթոսին առնչվող գնահատականներ են հնչել նաեւ այն շրջանակից, որի հետ Ռոբերտ Քոչարյանը լարված դիմակայության եւ տարաձայնությունների մեջ էր իր հետնախագահական տասնամյակում:

Այդ առումով իհարկե հետաքրքիր շատ բան կա, ոչ միայն այդպիսի վերադասավորման տեսանկյունից: Օրինակ, Ռոբերտ Քոչարյանի ներկայիս ամենասուր եւ կոշտ քննադատների դիրքերում են անձինք, ուժեր, որոնք մի քանի տարի առաջ նրա կամ նրա աջակցությունը վայելող ուժերի հետ դաշնակցված գործում էին Սերժ Սարգսյանի դեմ:

Բայց, դա իհարկե քաղաքականություն է, որտեղ հիմնականում չկան հավերժ թշնամիներ ու բարեկամներ, կան շահեր, ինչպես ասել է համաշխարհային պատմության քաղաքական մեծերից մեկը: Հենց շահն էլ այս դեպքում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարցազրույցի նկատմամբ գրեթե պաթետիկ ակնածանքի հիմքում է, որ դրսեւորվում է նախկին համակարգի, այսպես ասենք՝ սերժսարգսյանական թեւից:

Բայց, թերեւս թյուրընկալում կլինի մտածելը, թե խոսքը նոր իշխանության դեմ ընդհանուր շահի մասին է: Իհարկե կա այդպիսի հանգամանք՝ նոր իշխանությունը ընդհանուր թիրախ է: Սակայն, խորքային առումով բանը բոլորովին այլ է եւ առավել առարկայական թիրախ միմյանց համար հենց իրենք են՝ նախկին կառավարող համակարգի տարբեր թեւեր ներկայացնող խմբերը եւ բեւեռները:

Նրանք լավ են պատկերացնում, որ իրենց քաղաքական կարկանդակը ներկայումս եւ տեսանելի ապագայում լինելու է բավականին փոքր: Ըստ այդմ, կա մեծ պայքար այդ փոքր կարկանդակի համար շատ հավակնորդ խմբերի միջեւ: Պայքար թե կարկանդակին տիրանալու առումով, եւ թե առնվազն կարկանդակը բաժանողի կարգավիճակի առումով:

Այդ տեսանկյունից Ռոբերտ Քոչարյանը ներհամակարգային լայն շրջանակում ունի որոշակի «համեմատական առավելություն»: Օրինակ, այն իմաստով, որ դեռեւս իշխող կարգավիճակում էլ համակարգը խոշոր հաշվով ավելի գոհ էր Ռոբերտ Քոչարյանի, քան Սերժ Սարգսյանի շրջանից:

Հանրային իմաստով էլ հարաբերականորեն կա մի նրբերանգ:

Չնայած ընդհանուր համակարգային մերժվածության փաստին, այդուհանդերձ նուրբ տողատաով անցնում է թերեւս այն, որ բուն եւ թիրախավորված մերժվածը Սերժ Սարգսյանն է, կամ այսպես ասած առնվազն ենթագիտակցորեն «թարմ եւ անմիջական» մերժվածը: Դա չի նշանակում, որ Ռոբերտ Քոչարյանն ունի հանրային աջակցության շոշափելի հնարավորություն: Այդուհանդերձ, նրբերանգը էական է:

Ահա այդ իրավիճակում, Ռոբերտ Քոչարյանին «պաթոսով» առաջ մղելը դառնում է նրա հանդեպ առավելության հասնելու հմտորեն քողարկված ճանապարհ:

Բանն այն է, որ նրան մղելով քաղաքական դիմակայության «առաջնագիծ» եւ դրդելով ավելի ու ավելի մեծ հավակնությունների, ըստ այդմ նաեւ ավելի մեծ եւ ուղիղ պատասխանատվության, նախկին համակարգի մյուս թեւերն ավելի շուտ մոտեցնում են նրա «քաղաքական զոհաբերությունը», լավ պատկերացնելով հրապարակային քաղաքականության նրա հաջողության գրեթե անհնարինությունը:

Այլ կերպ ասած, նախկին կառավարող համակարգի փոքր քաղաքական կարկանդակի համար մեծ պայքարում ներկայումս ընտրված է Ռոբերտ Քոչարյանին ալիքի կատարին բարձրացնելու մարտավարությունը: Դատելով կենսակերպի մասին հրապարակումներից, երկրորդ նախագահը լավ է տիրապետում սերֆինգին, բայց քաղաքական ալիքի կատարին նրանից պահանջվելու են այլ հատկանիշներ, մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հատկանիշները ավելի համարժեք են սուզանավ կառավարելուն:

Լուսանկարը՝ 2rd.am-ի

Оцените статью
error: Content is protected !!