,

ԱՄՆ կարևոր ազդակը Հայաստանին

ԼՈՒՐԵՐ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հրապարակել է հոդված ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի պաշտոնամուտի համատեքստում, հայ-ամերիկյան հարաբերության հեռանկարի առնչությամբ, հաշվի առնելով նաև Արցախի դեմ ծանրագույն պատերազմի հետևանքն ու այն հաղթահարելու հայ ժողովրդի և Հայաստանի հանրության հրամայականը:

Ինքնին հանգամանքը, որ դեսպան Թրեյսին հոդվածով անդրադառնում է այդ խնդիրներին, վկայում է Նահանգների համար այդ հարցերի կարևորության, Հայաստանի հանդեպ հետաքրքրության մասին: Այդ իրողությունն ունի փոխադարձ անհրաժեշտություն, հաշվի առնելով մի շարք իրողություններ, որ ցավագին ու ողբերգական պատերազմի հետևանք են:

Խոսքն ընդհանուր առմամբ այն մասին է, որ ծանրագույն պատերազմը հանգեցրել է հայկական անվտանգային համակարգի կազմաքանդման, հանգեցրել է ռեգիոնալ բալանսի լրջագույն խախտման՝ ի վնաս Հայաստանի և Արցախի, հանգեցրել է ռեգիոնում ռուս-թուրքական պայմանավորվածությունների ձևաչափի գերակայության՝ Թուրքիայի դերի բարձրացման, հանգեցրել է Հայաստանի հանդեպ Ռուսաստանի գերազդեցության աճի, առաջացնելով Հայաստանի համար այլընտրանքի և ինքնիշխանության հարցեր:

Ահա այս համատեքստում, համաշխարհային գլոբալ առաջատար Նահանգների հետ աշխատանքի հեռանկարը Հայաստանի համար Կովկասում ռեգիոնալ հակահայկական բալանսի վերականգնման, հավասարակշռության հաստատման, Հայաստանի համար պատմա-քաղաքական իմաստով և ընթացիկ իրավիճակում վտանգներով լեցուն ռուս-թուրքական ձևաչափի այլընտրանքի ձևավորման հնարավորություն է: Այստեղ պետք չէ ընկնել թյուրընկալումների և չարի ու բարու բաժանման, կամ՝ սև-սպիտակի մեջ: Ինչպես Թուրքիան ու Ռուսաստանը, այնպես էլ Միացյալ Նահանգներն ունեն իրենց շահերն ու առաջնորդվում են դրանցով: Ավելին, այդ շահերի համատեքստում Թուրքիան ունի ոչ պակաս կարևորություն՝ որպես ԱՄՆ գործընկեր ու ՆԱՏՕ անդամ-դաշնակից:

Ասել կուզի, հայ-ամերիկյան հարաբերությունը չպետք է դիտարկել ռուս-թուրքական հարաբերության «չար» հարաբերության «բարի» այլընտրանք:

Հայ-ամերիկյան հարաբերությունը պետք է դիտարկել գործնական և շահեկան այլընտրանք: Շահերի բազմազանությունը ռեգիոնում Հայաստանի համար կարևորագույն կռվան ու նպատակ է հատկապես այս փուլում: Ի վերջո, ակնառու է, որ Արցախի գլխին պատերազմը պայթեց, երբ Միացյալ Նահանգները Թրամփի քաղաքականության ռեժիմում թուլացրին մասնակցությունը Կովկասում, թողնելով այն ռուս-թուրքական փոխզսպման տրամաբանությանը և դրա հեռակառավարմանը: Բայդենի վարչակազմի մոտեցումների նշմարվող, ուրվագծվող փոփոխությունը Հայաստանի համար կարևոր ռեսուրս է, որն օգտագործելու ուղղությամբ, իհարկե, պետք է աշխատել բարձր արդյունավետությամբ և առավելագույն օպերատիվությամբ:

«Ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը Միացյալ Նահանգների և Հայաստանի հարաբերությունների հիմնասյուներն են, սակայն մեր ընդհանուր օրակարգն ավելի ընդարձակ է։ Կայուն և ներառական տնտեսական աճին աջակցելը, առևտրի և ներդրումների ընդլայնումը, էներգետիկ անվտանգության խթանումը, շրջակա միջավայրի ռեսուրսների պատասխանատու կառավարումը, COVID-19 համավարակի դեմ պայքարն ու կրթական հնարավորությունների միջոցով մարդկանց մեջ կատարվող ներդրումները արտացոլում են ԱՄՆ-Հայաստան խոր և համապարփակ գործընկերությունը, որը, վստահաբար, դեռ ավելի կամրապնդվի»,- գրում է դեսպան Թրեյսին:

Շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանում ժողովրդավարությունն ունի պաշտպանության և ամրապնդման կարիք, սակայն կարևոր է նաև շեշտադրել համատեքստը: Հայաստանում ժողովրդավարությունը հակադրվել է ազգային շահերին, տարբեր քաղաքական մանիպուլյատիվ նպատակներով ու նկատառումներով ժողովրդավարությունը, քաղաքացիականությունն ու ազատությունը հակադրվել են ազգային անվտանգությանը: Մինչդեռ, դրանք Հայաստանի համար պետք է լինեն ոչ թե հակադիր, այլ փոխլրացնող իրողություններ:

Միաժամանակ, այդ հանգամանքը պետք է հաստատվի կենսագործունեությամբ, ոչ թե հռետորաբանությամբ: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ ժողովրդավարությունը պետք է իբրև կենսագործունեության միջոց Հայաստանին բերի թե՛ զարգացման՝ բարեկեցության, թե՛ անվտանգության՝ պաշտպանվածության նոր մակարդակ:

Սրանք խնդիրներ են, որ հայկական պետականության առաջ են, և ԱՄՆ-ն կարող է լինել այդ խնդրի լուծումների որոնման հարցում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը: Միաժամանակ պետք է արձանագրել, որ հետպատերազմյան իրավիճակում ունենալով անվտանգության հարցերից բխող ինքնիշխանության լրջագույն խնդիր,

Հայաստանը սահմանափակված է լինելու արտաքին քաղաքականության գործնական նախաձեռնողականության հարցում: Ըստ այդմ՝ հույժ կարևոր է, որ Հայաստանի գործընկերները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, լինեն նախաձեռնող, ընդ որում՝ նաև Ռուսաստանի ուղղությամբ՝ հայ-ամերիկյան հարաբերության հեռանկարում ԱՄՆ-Ռուսաստան աշխատանքի էֆեկտիվությունը ունենալու է էական նշանակություն: Դա իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել:

Оцените статью
error: Content is protected !!