Մանվել Փարամազյանի կարիքը բոլորն ունեն

ԼՈՒՐԵՐ

Քաջարան համայնքի ավագանու անդամներն այսօր հայտարարություն են տարածել՝ ի աջակցություն Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի։

Ավագանու նիստին ներկա անդամներից մեկը նշեց, որ իրենք վրդովված են, մինչ այսօր չգիտեն, թե իրենց համայնքապետին ինչի համար են կալանավորել, շուրջ 6 ամիս է՝ համայնքապետը չկա, քաղաքն անտեր-անտիրական է:

Ավագանու անդամը հայտարարեց, որ ուղերձն ուղարկելու են դատարանին:

«Հարգելի դատարան հայտնում ենք ձեզ մեր խորը անհանգստությունն ու մտահոգությունն այն հանգամանքի վերաբերյալ, որ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանն արդեն 6 ամիս գտնվում է արգելանքի տակ, իսկ Փարամազյանի գլխավորած համայնքն իր բացակայության պայմաններում գլխատված է, քաջարանցին՝ հիասթափված։

ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ տեղական ինքնակառավարումը միայն ենթադրում է ժողովրդի կողմից ընտրված համայնքի ղեկավար և ավագանի։ Աներկբա է Քաջարան համայնքի համար ևս, որ գրեթե 100 տոկոս քվե ստացած ղեկավարն այսօր գտնվում է կալանքի տակ։ Դեռևս անհայտ է նրան մեղսագրվող արարքների օրինականությունն ու իրավաչափությունը։ Ավելին՝ դրանք հետագայում միանշանակ կլինեն ՄԻԵԴ գանգատի առարկա։

Ներկայումս քաջարանցու ընտրական իրավունքի խախտման պայմաններում ինչպես պետք է իրականացնել համայնքի ղեկավարումը, երբ մենք գործ ունենք ամբողջությամբ պարալիզացված ներհամայնքային կյանքի, մշակույթի, աշխատավոր քաջարանցու վստահության բացակայության հետ, երբ վերջիններիս կայացրած որոշումը երաշխավորված չէ։

Այսօր բոլոր ժամանակներում անառիկ Սյունիքը կանգնել է պատմական հորձանուտ անցնելու վտանգի առաջ, իսկ սյունեցուն ոգեշնչելու, իր դիրքերում ամուր կանգնելու և բնօրրանը երբեք չլքելու համար պայմաններ ստեղծելու փոխարեն գլխատում են։ Սա է ներկայիս կարգավիճակով Քաջարան համայնքը։

Հարգելի դատարան, ձեզ է ընձեռված գործի անկողմնակալ, անաչառ և օբյեկտիվ իրավագիտակցությամբ ընկալելու բացառիկ իրավունքը։ Մեր համայնքի ղեկավարին մեղսագրվող արարքի, մեղադրանքի առումով համոզված ենք, ունենք բավարար երաշխիքներ, մեղադրական թեքումից ձերբազատվել և անկողմնակալ արդարադատություն իրականացնել։

Խնդրում ենք փոփոխել Մանվել Փարամազյանի խափանման միջոցը, նրան ազատ արձակել և ընտրել մեկ այլ խափանման միջոց։ Արդար չէ ներկայումս չհիշատակել հզոր համայնքապետի դերն ու նշանակությունը ողջ 44-օրյա պատերազմում, առավել ևս հիմա, երբ պետականության հիմքերն ամրացնելու անհրաժեշտությանն ենք լծված յուրաքանչյուրս» , — նշված է ավագանու հայտարարության մեջ։

Շրջանի վարչական ղեկավարներից մեկն ասաց, որ 6 ամիս է իրենց ղեկավարին անիմաստ բռնել են:

«Սահմանամերձ գյուղ է: Եկեք տանեմ, ցույց տամ՝ ինչ է արել մեր քաղաքապետը երեք տարում՝ ճանապարհները վերանորոգել է, խմելու ջրով ապահովել:

Ձմեռ է, թուրքը սարին նստած է: Ժողովուրդը փայտ չունի, ուր գնում ենք, չեն տալիս: Ղեկավար չկա, անտերություն է: Խնդրում ենք՝ բաց թողեք մեր ղեկավարին, թող գա, մեր ժողովրդին տերություն ունի»,- ասաց նա:

Նշում են՝ Մանվել Փարամազյանի կարիքը բոլոր գյուղացիներն ունեն:

Հիշեցնենք, որ Մ. Փարամազյանը կալանավորվել էր հուլիսի 10-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքները նա չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

Գնահատել նյութը
error: Content is protected !!