,

«Նույն սարը հանձնել և ետ ենք վերցրել 3 անգամ. որևէ մեկը չի կասկածում, որ հաղթելու ենք» (լուսանկարներ)

ԼՈՒՐԵՐ

Լեռնային Ղարաբաղում ընթացող կատաղի մարտերն անհետք չեն մնում. Երևանի հիվանդանոցներում բուժվում և վերականգնվում են վիրավոր զինվորները, որոնց շարքերում կան նաև կամավորներ, երիտասարդ նորակոչիկներ և պայմանագրային զինծառայողներ, որոնց հետ զրուցել է EADaily-ն և ուշագրավ ռեպորտաժ պատրաստել:

Հետևակային վաշտի հրամանատար Ռադիկը վիրավորվել է Ջաբրայիլում հակահարձակման ժամանակ:

«Այդ օրը մենք դուրս եկանք մեր ընկերներին օգնելու: Հոկտեմբերի 2-ն էր: Ոչ հեռու «Գրադ»-ի արկ ընկավ, բեկորային վնասվածք ստացա, ոտքս կոտրվեց»,- պատմել է նա:

Այն հարցին, թե ինչ իմաստ ու նշանակություն ունի իր համար այս պատերազմը, Ռադիկը պատասխանում է, որ Լեռնային Ղարաբաղում ինքը պաշտպանել ու պաշտպանելու է հայրենիքը և ժողովրդին:

Նա հիշում է, որ ռազմաճակատում ոչ ուտելու, ոչ քնելու ժամանակ չկար, հակառակորդն անընդհատ հարձակվում էր:

«Հարձակումը մեզ վրա սկսվեց հանկարծակի, առանց զգուշացման, 1-2 անգամ անօդաչուն հարվածեց, մենք դուրս եկանք և գրեթե մեր առջև տեսանք ադրբեջանական տանկերը: Դա ծանր օրեր էին: Նույն սարը մենք հանձնել և ետ ենք վերցրել 3 անգամ: Սակայն ես վստահ եմ, որ վերջիվերջո հաղթելու ենք: Աշխարհում ոչ մի հայ դրանում չի կասկածում»,- ասել է զինվորականը:

Դիպուկահարի կողմից վիրավորում ստացած Գևորգը կամավոր է գնացել ռազմաճակատ, և դա իր առաջին մարտական փորձն էր:

«Մեր ջոկատի ուղղությամբ կրակում էր 3-4 դիպուկահար, անընդհատ ռմբակոծություններ էին: Ընդ որում` Ադրբեջանի կողմից կրակում են ինչպես պատահի, ոչ միայն ռազմական օբյեկտների և դիրքերի ուղղությամբ: Կարևոր չէ՝ խաղաղ բնակիչներ են այնտեղ, թե ոչ, կրակում են գլխավոր մայրուղիներին, թիրախավորում են ընթացող մեքենաներին»,- հիշում է Գևորգը:

Վահանը 18 տարեկան է, նա ժամկետային զինծառայող է, որը դեռ այդպես էլ չի հասցրել ամբողջությամբ մասնակցել ռազմական գործողություններին: Հրետակոծության ժամանակ նա եղել է ոչ թե դիրքերում, այլ այն վայրերում, որտեղ ապրում էին սպաների ընտանիքները, որոնք այդ պահին արդեն հասցրել էին տարհանել:

Լրագրողը նկատում է, որ զինծառայողները զգուշությամբ են վերաբերվում մամուլի հետ շփմանը: Սակայն ի վերջո համաձայնվում են ընդհանուր լուսանկարվել, երբ համոզվում են, որ այն ռուսական թերթում է հրապարակվելու:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվել է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար`Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

 

Оцените статью
error: Content is protected !!